Ուկրաինացին գումար էր գողանում չեխական կազմակերպությունից Վրաստանում գտնվող մի ընկերության միջոցով
Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ, ով խարդախությամբ գումար էր ստացել չեխական ընկերությունից եւ փորձել էր օրինականացնել այն Վրաստանում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Գերատեսչության տվյալներով` 2019-ի մայիսին օտարերկրացին ընկերություն էր հիմնել Վրաստանում եւ հաշվեհամար էր բացել տեղական բանկում:
Նույն տարվա սեպտեմբերին հանցակիցների օգնությամբ նա կոտրել էր չեխական ընկերության էլ. փոստը: Ընկերության գործունեությունն ուսումնասիրելուց հետո նա իբր գործադիր տնօրենի անունից նամակ էր ուղարկել ընկերության ֆինանսական տնօրեին: Հաղորդագրությունում նա խնդրել էր գումար ուղարկել Վրաստանում ներդրումային ծրագրի համար: Այդպես, Վրաստանում Ուկրաինայի քաղաքացու կողմից գրանցված ընկերության բանկային հաշվին ավելի քան 18.2 հազար եվրո էր փոխանցվել:
Մեղադրյալին հաջողվել է ապօրինի եկամտից 17.9 հազար եվրո օրինականացնել:
Գումարի աղբյուրը թաքցնելու համար նա չեխական ընկերությունից ստացված ամբողջ միջոցները փոխանցել է հանցակիցների հաշվեհամարին Հոնկոնգի բանկերից մեկում: Գործարքի նպատակները նշվել են հետեւյալ կերպ` Էլեկտրամագնիսական շարժիչի պահեստամասերի գնում: Իրականում ոչ մի գնում տեղի չէր ունեցել:
Այժմ Վրաստանում Ուկրաինայի քաղաքացուն 9-ից 12 տարվա ազատազրկում է սպառնում` խոշոր ծավալի խարդախությունների, ինչպես նաեւ ապօրինի եկամուտների օրինականացման համար: Օտարերկրացու ընկերությունը, որը կասկածվում է փողերի լվացման մեջ, կարող է տուգանվել եւ փակվել:
Վրաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը` մեղադրյալի հանցակիցներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: