Ոստիկանությունը թույլ չի տվել ներկայացնել ֆուտուրիստական պերֆորմանսը՝ ասելով՝ նախապես չի տեղեկացվել. «ՎԵՏՕ»-ի անդամ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր ժամը 14:00-ին Ազատության հրապարակում պետք է բեմադրեր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական պերֆորմանսը, սակայն «ՎԵՏՕ»-ի անդամ Հերմինե Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բեմադրությունը հետաձգվում է, քանի որ ոստիկանությունից նշել են, որ նախապես չի տեղեկացվել քաղաքապետարանին:
«Ոստիկանությունն ապօրինի կերպով խոչընդոտում է, պատճառաբանում են, որ նախապես չեն տեղեկացրել քաղաքապետարանում, բայց հարցն այն է, որ սա հանրային միջոցառում չէ, ընդամենը չորս հոգուց բաղկացած խմբով բեմադրություն էր, որը նախապես մեր ֆեյսբուքյան էջում տեղադրել էինք, և տարբեր լրատվականներ ևս տարածել են հաղորդագրությունը, և բոլորը գիտեին, որ պետք է պերֆորմանսի ցուցադրությունը տեղի ունենա, բացի ոստիկանությունից, բայց մենք մեր պլաններն ի կատար ենք ածելու՝ ի հեճուկս իշխանությունների կայացրած որոշումների»,- նշեց նա:
Հարցին, թե այսօր առավոտյան «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել, ի՞նչ տեղեկություն կա նրա մասին, շարժման անդամը նշեց, որ տեղեկացված չէ, սակայն Նարեկ Մալյանի փաստաբանն իր հետ ոստիկանության բաժանմունքում է. «Նարեկ Մալյանի ձերբակալումը կանխատեսելի էր, որովհետև երեկ երեկոյան սկսված կրկեսը ենթադրում էր, որ պիտի շարունակվի նաև այսօր»:
Հարցին, թե ներկայացումն ի՞նչ մեսիջ է պարունակում և ինչի՞ է հանրահավաքից մեկ ժամ առաջ դա ներկայացվում, Հերմինե Գրիգորյանը նշեց․
«Մենք արվեստ սիրող և գնահատող մարդիկ ենք և կարող էինք նաև բեմադրել «Օթելլոն», ինչպես Նարեկ Մալյանը երեկ նշեց, որևէ վատ մեսիջ չի պարունակում, ուղղակի ևս մեկ անգամ հիշատակում ենք պատմական փաստ, որ տեղի է ունեցել գնդակահարություն, որի օրինականությունը կասկածի տակ չի դնում, բայց իշխանությունն այդտեղ սպառնալիք է տեսնում, և շատ ծիծաղելի նամակ էինք ստացել, որ բեմադրությունը շպրտված բռնության մեսիջ է, պարունակում, նույն կերպ կարող են «Օթելլո»-ի մեջ բռնության կոչեր տեսնել և թույլ չտան բեմադրել»: