Կարեն Բեքարյանի ձերբակալության համար հիմք հանդիսացած հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, նրա ձերբակալությունն իրավաչափ չէ․ պաշտպան
«Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր վստահորդի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքն արդեն մուտքագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Փաստաբանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի լրագրողներ, հայտնում եմ, որ իմ վստահորդ Կարեն Բեքարյանը ներկայումս ձերբակալված է արդեն բոլորին հայտնի գործով: Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում:
Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ ու ձերբակալվել։
Նույն գործով ձերբակալվել է նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։