Ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար, որը 10 րոպե առաջ գրառում է կատարում. Ռուբեն Մելիքյան
ԱԱԾ-ն «մասկի-շոուով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է երեքին՝ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին և Մհեր Ավագյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ - հոպ! - 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում։ Սալա՛մ, Աբազյան։ Ամո՛թ քեզ։ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև գրառման լուսապատճեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ԱԱԾ բերման ենթարկված Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են։ Մհեր Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանն նշել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը). 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Ըստ ԱԱԾ-ի՝ Մհեր Ավագյանը վերը նշված գործողությունները կատարել է «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջից։ Նույն կասկածանքով են ձերբակալվել նաև Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը։
Նշենք, որ այն ժամանակահատվածում, երբ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատեր լինելու և այդ էջից արգելված տեղեկություններ տարածելու մեջ կասկածվող Սաղաթելյանը, Բեքարյանն ու Ավագյանը ԱԱԾ-ում էին, վերը նշված օգտատերը նոր գրառում է կատարել։