Զրպարտության և վիրավորանքի մասին նոր նախագիծը անհեթեթություն է, չի բխում խոսքի ազատության երաշխքիներից ու կարող է սպառնալ լրատվամիջոցների գործունեությանը. մասնագետներ
Խորհրդարանական նիստերից մեկում քննարկվել է քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի Ազգայի ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է վիրավորանքի համար սահմանել մինչև 5 միլիոն դրամի փոխհատուցում ՝ գործող մեկ միլիոնի փոխարեն, զրպարտության համար՝ մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում՝ գործող 2 միլիոնի փոխարեն:
Այս օրենքի նոր նախագիծը չի համապատասխանում երկրի իրավիճակին և բացարձակ անհեթեթություն է: Tert.am-իր հետ զրույցում նման կածիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Ես անգամ այս թեմայով չեմ ուզում խոսել, այդ նախագիծը ոչ մի կապ չունի Հայաստանում առկա խնդիրների հետ, դա անհեթեթություն է: Զրպարտության և վիրավորանքի մշակույթը ներդրել է այս կառավարությունը, իրենք էլ իրենց ներդրած մշակույթի ձեռը կրակն են ընկել»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ զրպարտության և վիրավորանքի օրենքի նոր նախագիծը բացարձակապես անարդյունավետ է և արդյունքը լինելու է կարճաժամկետ:
«Լրագրողական համայնքը չի կարող այս նախագծի հետ համաձայն լինել, կան մի քանի պատճառներ: Նախ, տուգանելով, պատժելով, խստացնելով որևէ ոլորտում հնարավոր չէ երկարաժամկետ կտրվածքով արդյունքի հասնել: Սա կարևոր հանգամանքներից է, որ ԱԺ-ի փոխխոսնակը պետք է լավ հասկանա, իհարկե, եթե իրենք չեն նախընտրում ունենալ կարճաժամկետ ազդեցություն»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Նա նշեց, որ օրենքի նոր նախագիծը կարող է սպառնալ լրատվամիջոցների գործունեությանը և միջազգային գործընկերները տարակուսանքի մեջ են, թե որն է այս օրենքի նախագծի հիմքը և հիմնավորումը:
«Ընդհանուր մամուլի ազատության կոնտեքստում այս փոփոխությունը որևէ կերպ չի տեղավորում, ավելին՝ մեր միջազգային գործընկերները տարակուսած են՝ ինչում է անհրաժեշտությունը,և արդյոք ֆինանսական վիճակը փոխվե՞լ է երկրում, որ առաջացել է նման անհրաժեշտություն ֆինանսական փոխհատուցման չափերը վերանայելու»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Շուշան Դոյդոյանը նաև անդրադարձավ Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմանը՝ նշելով օրենքի նոր նախագիծը բացասական անդրադարձ է ունենալու լրատվամիջոցների վրա, քանի որ 10 միլիոն տուգանքի պարագայում շատ լրատվամիջորներ կարող են փակվել:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում է՝ փոխհատուցման չափերը չպետք է այնքան բարձր լինեն, որ սպառնան լրատվամիջոցի գործունեությանը: Պատկերացնենք լրատվամիջոց, որը դատարանի որոշմամբ պետք է վճարի 10 միլիոն դրամ․ այդ լրատվամիջոցը կարող է կանգնել փակման վտանգի առաջ»,- մեկնաբանեց նա:
Երևանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի Tert.am-իր հետ զրույցում նշեց՝ օրենքի նոր նախագիծը հիմնված չէ նախկին դատական պրակտիկայի վրա:
«Օրենքի նոր նախագիծը չի բխում ոչ նախկին տարիների պրակտիկայի արդյունքից, ոչ էլ խոսքի ազատության երաշխիքների տեսակետից, քանի որ 2010 թվականից սկսած՝ զրպարտության և վիրավորանքի հետ կապված դատական գործերը երբևէ չեն հատել այն շեմը, որն այսօր գոյություն ունի՝ 1 միլիոն վիրավորանքի և 2 միլիոն զրպարտության համար, շատ ավելի փոքր գումարների մասին է խոսքը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա նաև հավելեց, որ օրենքի նոր նախագիծը ոչ թե օրենքի բարելավում է, այլ լրագրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց:
«Եղած շեմերը դատական պրակտիկայում բավական էին: Սա ոչ թե օրենքի բարելավվում է, այլ ուղղակի լրագրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց, թե տեսեք՝ ինչպիսի մեծ գումարներ պետք է վճարեք, եթե իրականացնեք այնպիսի լուսաբանում, որը մեզ ձեռ չի տալիս»,- մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգն ու պայմանները: Հոդվածը սահմանում է՝ վիրավորանքի պարագայում անձը կարող է դատական կարգով պահանջել 1000-ապատիկի չափով փոխհատուցման վճարում, իսկ զրպարտության պարագայում 2000-ապատիկի չափով փոխհատուցման վճարում: