Թանգարան-ինստիտուտի տնօրեն. Հայաստանը չի կարող հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչումից
Հայաստանը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա նշեց, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը պարբերաբար բարձրաձայնում է այս հարցը, Անկարան Հայաստանին առաջարկում է հրաժարվել Հայոց ցեղասպանության խնդրից, սակայն դա ներառված է Հայաստանի անկախության հռչակագրում, որը Սահմանադրության մաս է կազմում:
«Ամենակարեւորը` ցեղասպանության հիշատակը, հայ ժողովրդի հավաքական հիշողության բաղկացուցիչ մասն է: Հանել այս հարցն օրակարգից անհնար է: Հակառակը, մենք պետք է ավելի ինտենսիվ աշխատենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: 2022-ին մենք պատրաստվում ենք 21-րդ դարում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդմանը նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպել: Անհրաժեշտ է բացահայտել այս առարկայի դասավանդման առանձնահատկություններն աշխարհի տարբեր երկրներում, հասկանալ խնդիրները եւ գտնել դրանց լուծման ուղիները»,- ընդգծեց Մարությանը:
Թանգարան-ինստիտուտի տնօրենը հավելեց, որ Ամերիկայի Ուսուցիչների միությունից (բաղկացած 1.7 միլիոն ուսուցչից), որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, խնդրել են իրենց անհրաժեշտ նյութեր տրամադրել:
«Բացի այդ, երկու տարվա ընթացքում մենք ամառային դպրոց ենք կազմակերպում Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող ուսուցիչների համար: Աշխատանքը պետք է տարվի, եւ այն անընդհատ տարվում է»,- եզրափակեց նա:
Նշենք, որ 2020 թվականին Արցախում պատերազմից հետո եւ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնագրերի ֆոնին Թուրքիայից ակտիվորեն Հայաստանին ուղղված առաջարկներ են հնչեցվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից հրաժարվելու մասին` հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման դիմաց: