Իսրայելն ԱՄՆ-ի հետ համատեղ նոր Arrow-4 հակահրթիռային համալիր է մշակում
Իսրայելը Միացյալ Նահանգների հետ համատեղ նոր Arrow-4 հակահրթիռային պաշտպանության համալիր է մշակում: Նոր համալիրն Իրանի դեմ կառուցված պաշտպանական համակարգի հերթական աստիճանն է, փոխանցում է Reuters-ը:
Իսրայելական Arrow-2 եւ Arrow-3 հակահրթիռային համակարգերն արդեն որպես մթնոլորտում եւ տիեզերքում թռնող հրթիռների ոչնչացման բազմամակարդակ համակարգի մաս են գործում:
«Arrow-4-ի մշակումը մեր ամերիկացի գործընկերների հետ համատեղ տեխնոլոգիական եւ օպերացիոն թռիչքի կհանգեցնի` նախապատրաստվելով մեզ ապագա պատերազմի դաշտին եւ նոր սպառնալիքներին Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս»,- ասել է պաշտպանության նախարար Բենի Հանցը:
Իսրայելցի առաջնորդներն Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը որպես սպառնալիք են որակել Իսրայելի եւ աշխարհի դեմ: Իրանը հայտարարում է, որ իր հրթիռների մշակումը պաշտպանողական բնույթ է կրում եւ ուղղված է հարձակումների զսպմանը:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Israel Aerospace Industries ընկերությունն Arrow-4-ի գլխավոր կապալառուն կլինի: Arrow պաշտպանական նախագծի մաս են կազմում նաեւ Boeing-ը եւ իսրայելական Elbit Systems-ը: