Պերուում շուրջ 500 մարդ` մեծամասամբ պետական պաշտոնյաներ, գաղտնի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Պերուում շուրջ 500 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, նախքան պատվաստանյութը կհաստատվեր ազգային վերահսկիչ մարմնի կողմից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավար Ֆրանցիսկոս Սագաստին:
«Ես և նախարարների խորհրդի նախագահը վրդովված և հիասթափված ենք՝ տեղեկանալով, որ 478 մարդ, որոնցից շատերը պետաշխատողներ են, օգտվել են ծառայողական դիրքից, որպեսզի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ Sinopharm դեղամիջոցով, որը մատակարարվել էր կլինիկական փորձարկումների ընթացքում օգտագործված խմբաքանակի հետ միասին»,- հայտարարել է Սագաստին:
Նրա խոսքով՝ այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն արդարադատության կամ այլ ատյանների առաջ:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ երկրի ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել արտահերթ պատվաստվելու պատճառով: Ավելի վաղ պատվաստումների հետ կապված սկանդալի պատճառով հրաժարակի դիմում էր ներկայացրել նաև երկրի առողջապահության նախարարը:
Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 300 000 չափաբաժնով, Պերու է հասել փետրվարի 7-ին: Երկու օր անց երկրում մեկնարկել է պատվաստման արշավը, որին առաջինը պետք է մասնակցեն բուժաշխատողները, այնուհետև ռիսկային խմբում ընդգրկված անձինք:
Հարավամերիկյան երկրում կորոնավիրւսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 մլն-ը, մահացածներինը՝ ավելի քան 43 հազարը: