Պատրաստ ենք համագործակցելու ՀՀ կառավարության հետ մի շարք ուղղություններով. Շվեդիայի դեսպանը՝ Քերոբյանին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը եւ Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։
Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ կարեւորել է Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր եւ նշել երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու անհրաժեշտությունը:
Դեսպանը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առեւտրի, տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։
Նախարարը կարեւորել է նաեւ շվեդական IEKA եւ H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաեւ տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, եւ հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաեւ վերջիններիս իրականացման գործընթացում։
Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաեւ օդանավակայանների գործարկման գործընթացներին։
Դեսպանը կարեւորել է Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով:
Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առեւտրատնտեսական փոխգործակցությունը։