ԵՄ-ն Չինաստանին կոչ է արել վերացնել BBC World News-ի հեռարձակման արգելքը
Եվրամիությունը շաբաթ օրը Չինաստանին կոչ է արել վերացնել BBC World News հեռուստաընկերության հեռարձակման արգելքը, որը վերջերս սահմանվել էր չինական պետական CGTN հեռուստաալիքի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո, հաղորդում է Associated Press-ը:
ԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ Պեկինի վերջին քայլը սահմանափակում է «խոսքի ազատությունը եւ տեղեկատվության մատչելիությունը իր սահմանների ներսում» եւ խախտում է ինչպես Չինաստանի Սահմանադրությունը, այնպես էլ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Հոնկոնգի հայտարարությունը, թե իր հանրային հեռարձակողը նույնպես կդադարեցնի BBC-ի հեռարձակումը, էլ ավելի է սրել «իրավունքների եւ ազատությունների էրոզիան, որը շարունակվում է» Չինաստանի կիսաինքնավար տարածքում անցյալ տարի ազգային անվտանգության նոր օրենքի ներդրումից ի վեր:
«ԵՄ-ն պահպանում է վճռական հավատարմությունը լրատվամիջոցների ազատության եւ բազմակարծության գործին, ինչպես նաեւ առցանց եւ ցանցից դուրս խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը, ներառյալ իր համոզմունքներին հավատարիմ մնալու ու առանց միջամտության տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատությունը»,- ասված է հայտարարության մեջ: