Վրաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սաակաշվիլիի կուսակցության նախագահին ձերբակալելու համար
Վրաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել երկրի խորհրդարան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործընկերոջը և նրա ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը:
«Վրաստանի գլխավոր դատախազությունը խնդրում է Վրաստանի խորհրդարանին թույլատրել միջնորդություն ներկայացնել դատարան` Նիկանոր Մելիայի նկատմամբ խափանման միջոցը` գրավից կալանքի փոխելու համար»,-ասվում է փաստաթղթում:
Փետրվարի 5-ին գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է «Միացյալ ազգային շարժման» առաջնորդին ձերբակալման մասին, եթե մեկ շաբաթվա ընթացքում նա չվճարի 70 հազար լարի գրավը, որը որպես կանխարգելիչ միջոց էր սահմանվել 2019 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Մելիան կտրականապես հրաժարվել է կատարել այս պահանջը` ասելով, որ իր դեմ գործը սարքված է: Գրավի մարման վերջնաժամկետն ավարտվել է այսօր՝ փետրվարի 12-ին:
Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Մելիային մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի հունիսի 20-21-ին բողոքի ակցիա կազմակերպելու, ղեկավարելու կամ մասնակցելու համար: Հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը ընդդիմադիր քաղաքական գործչին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից՝ թույլ տալով քննչական գերատեսչությանը դիմել դատարան ՝ նրան ձերբակալելու խնդրանքով: