Այս նախագծից հետո մտավախություն կա՝ գուցե ԱԺ բերվի նախագիծ, որ 14տ. հղիներին արհեստական ընդհատում թույլատրվի. Կոստանյանը՝«ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը փոփոխելու վերաբերյալ
Որպես երկու երեխաների մայր՝ ինձ չափազանց հետաքրքրում է, եթե մինչև 14 տարեկան երեխան այցելում է լաբորատորիա, թեստ հանձնում, տեղեկանում իր հիվանդության մասին, ոնց է իրականացնում իր բուժումը, եթե շարունակելու է գաղտնի պահել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով քննարկվող «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:
Պատգամավորները հիմնականում քննադատեցին, որ օրենքում առկա 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի, որից հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը:
Աննա Կոստանյանը հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ չափահասության տարիքը 18 տարեկանն է: Նա կոչ արեց մանրամասնել թե ինչպես են իրականացնելու իրազեկումը, ենթադրվում է՝ դպրոցներում է արվելու, և եթե դա դպրոցներում արվի, ապա ինչ ձևաչափով: «Այս նախագծի քննարկումից հետո մտավախություն առաջացավ, որ գուցե ԱԺ բերվի նախագիծ, ըստ որի՝ 14 տարեկան հղիներին արհեստական ընդհատման թույլտվություն տրվի»,-ասաց նա:
ԱԺ–ն քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը