Համատարած գնաճ է, իսկ աշխատավարձ չի բարձրացվել, ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, պաշտոնանկությունները չպետք է ուշանան. Վահե Էնֆիաջյան
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում համատարած գնաճ է արձանագրված: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը
Նա նշեց, որ բուսական յուղը թանկացել է 44.3%-ով, շաքարավազը՝ 40.75-ով, ձուն՝ 26.4, կաթնամթերքը՝ 7.7, միրգը միջինը՝ 12, բանջարեղենը՝ 9.9, հացը՝ 7.9, ալյուրը՝ 12.5, խմիչքը, ծխախոտը՝ 6.8, ոչ պարենային ապրանքները՝ 5.5, դեղերը ևս թանկացել են, միջմարզային մի շարք ուղղությունների տրանսպորտի սակագինը 15-40 տոկոսով է թանկացել, իսկ ուղևորատոմսի գնի բարձրացմանը զուգահեռ որակի որևէ փոփոխություն չկա:
«Ինչպես տեսնում եք՝ մեր ժողովրդին համատարած գնաճ է սպառնում, և այս գնաճի մասով որևիցե աշխատավարձ չի բարձրացվել, սոցիալական որևիցե շոշափելի ծրագիր չի իրականացվել: Որտե՞ղ են կառավարության պատկան մարմինների ներկայացուցիչները, որոնք պետք է պատասխան տան ստեղծված իրավիճակի համար։ Համատարած բացթողումների, ձախողումների հետևանքը՝ պաշտոնանկությունները, պետք է չուշանան»,- հայտարարեց նա: