Թբիլիսիում երեկ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ երկրորդ բողոքի ակցիան է ընթացել
Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ և շարքային քաղաքացիներ երեկ ուշ երեկոյան երթի են դուրս եկել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ ի նշան բողոքի սահմանափակումների դեմ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սա երեկվա ընթացքում բողոքի երկրորդ ակցիան էր: Ցերեկային ժամերին Թբիլիսիի կենտրոնում ակցիա է կայացել, որն ստացել էր «Սոցիալական պայթյուն» անվանումը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղարկել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արգելափակումները:
Ռեստորանային բիզնեսի, ընկերությունների, զբոսաշրջային գործակալությունների, կինոթատրոնների աշխատակիցներն ու ներկայացուցիչները խախտում էին գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը՝ ի նշան բողոքի՝ այդպիսով պահանջելով կառավարությունից անհապաղ վերացնել բոլոր արգելքները, որոնք ավելի վաղ սահմանվել էին՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետևում էին երթի ընթացքին: Դեռևս ոչ ոք չի տուգանվել: Վրաստանում 20:00-04:00-ն տեղաշարժի արգելք է սահմանվել ինչպես հետիոտնի, այնպես էլ մեքենաների համար:
Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 261 620-ի, որը հավասարազոր է երկրի բնակչության 7 տոկոսին: Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 3269 դեպք: