Արտագաղթի տրամադրությունները իրականության մեջ են գտնվում և ժամանակի մեջ են ռեալ, այսինքն այս պահին ցանկացողները ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ մարդիկ շոկից դուրս գան
Արտագաղթի տրամադրությունները իրականության մեջ են գտնվում և ժամանակի մեջ են ռեալ, այսինքն այս պահին ցանկացողները ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ մարդիկ շոկից դուրս գան: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով այս օրերին օդանավակայանում տիրող իրավիճակին:
«Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողները ավելի շատ էին, քան այսօր»,-ասաց նա և նշեց, որ թեև այս օրերին օդանավակայանում չի եղել, բայց պատրաստվում է լինել:
Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, նա ասաց՝ դա իրենց վերահսկողությունից դուրս է և շուկան է որոշում: «Մենք չունենք ազգային ավիափոխադրող, որ գին թելադրենք, շուկան կկարգավորվի, գինը կլինի այն, ինչ պետք է լինի: Պարզապես մենք չենք կարող ազդել գների վրա»,-ասաց նա: