Իտալիայում համազգային կարանտինից հետո մտցրել են առաջին մեղմացումները
Իտալիայում Ծննդյան տոներից հետո համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին սկսել են գործել առաջին մեղմացումները: Երկրի մշակույթի նախարարության կայքում հաղորդվում է, որ երկուշաբթիից թանգարաններն ու հնագիտական այգիները բացվել են գրեթե բոլոր նահանգներում՝ բացառությամբ Ապուլիայի, Ումբրիայի եւ Սիցիլիա ու Սարդինիա կղզիների, որոնք, ինչպես եւ Բոլցանո նահանգը (Տրենտինո-Ալտո Ադիջե ինքնավար մարզի մաս), մնում են համաճարակաբանական մեծ ռիսկի «նարնջագույն գոտում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության հստակեցմամբ՝ թանգարանների աշխատանքը հնարավոր է միայն աշխատանքային օրերին եւ հանգստյան օրերի համար տոմսերը նախապես պատվիրելու դեպքում: Վատիկանյան թանգարանների տնօրինությունը ավելի վաղ հայտնել էր պապական գանձերի բացման մասին՝ ժամանակավոր ցուցահանդեսների աշխատանքի ժամանակը երկարացնելով: Վատիկանյան թանգարանները, ինչպես նաեւ Կաստել Գանդոլֆոյում պապական ամառային նստավայրը բաց են լինելու նաեւ շաբաթ օրերին:
Իտալիայում տոտալ լոքդաուն չէր մտցվել, բայց հոկտեմբերի կեսին վարակումների թվի կտրուկ աճից հետո, երբ օրական աճը հասել էր 40 հազար նոր դեպքի, երկրում խիստ սահմանափակումներ էին մտցվել, այդ թվում՝ երեկոյան 10-ից պարետային ժամ: Դրանից բացի, փակվել էին հանգստյան օրերին առեւտրի կենտրոնները եւ ամբողջությամբ մշակույթի բոլոր հաստատությունները, մարզադահլիճները, լողավազանները: Մարզերը սկսել էին որակավորվել «կարմիր», «նարնջագույն» եւ «դեղին» գոտիներ՝ կախված համաճարակաբանական տվյալներից: Նույնիսկ «դեղին» գոտում ռեստորաններն ու բարերը կարող էին աշխատել միայն մինչեւ 18:00, իսկ մյուս գոտիներում հանրային սնունդի հաստատությունները կարող էին սպասարկել միայն առաքմամբ: Ծննդյան եւ ամանորյա տոներին կարանտինային միջոցառումներն ամբողջ երկրում խստացվել էին: Մասնավորապես՝ փակվել էին ռեստորաններն ու բարերը: