«Եթե այս տարի պատվաստվի բնակչության 60-70%-ը, ապա Վրաստանը կհաղթահարի համավարակը». Գամկրելիձե
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կարծում է, որ եթե 2021 թվականին պատվաստվի բնակչության 60-70%-ը, ապա հասարակության մեջ կձևավորվի բավականին բարձր իմունիտետ, և հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համավարակը, իսկ այն հաղթահարելու միակ զենքը պատվաստանյութն է: Այս մասին գրում է apsny.ge-ն։
«Ինչպես գիտեք, այս վիրուսի դեմ ուղղակի բուժում չկա: Այսօր կան միայն կանոնակարգեր և սահմանափակումներ։ Պատվաստանյութը վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենահզոր գործիքն է: Հետևաբար, ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում, բժշկական անձնակազմը պետք է կարողանա հասարակության մեջ ստեղծել հնարավորինս բարձր իմունային շերտ: Եթե այս տարի պատվաստվի բնակչության 60-70% -ը, ինչը, իհարկե, դժվար խնդիր է, ապա հասարակության մեջ կձևավորվի բավականին բարձր իմունիտետ, և մենք կհաղթահարենք համավարակը»,– ասել է Գամկրելիձեն:
Նա հավելել է նաև, որ Վրաստանը կստանա միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված պատվաստանյութը, որն ամբողջովին անվտանգ է մարդու առողջության համար:
Բացի այդ, պաշտոնյայի խոսքով՝ հասարակությանը պետք է պատվաստումների վերաբերյալ տրամադրվի միայն ճշգրիտ տեղեկատվություն, որում լրատվամիջոցների դերը բավականին մեծ է: