Չվերթերը դեպի ՌԴ վերսկսվել են, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է ստեղծվել
Չվերթերը դեպի ՌԴ վերսկսվել են, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է ստեղծվել։ Մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։
«Հրաման է եղել, որ եթե կորոնավիրուսի թեստ ես հանձնում, ու բացասական է, կոդ ես ստանում, որով կարողանում ես մեկնել։ Այժմ հասել ենք այստեղ, ժամը 12-ին թռիչքն է, անձնագիրը նկարում են, կոդը՝ ոչ։ Ասում են՝ մեզ կառավարությունը դեռ չի զգուշացրել դրա մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
ՌԴ մեկնել ցանկացող մեկ այլ քաղաքացի ներկայացրեց, որ երկու օր առաջ եղել է օդանավակայանում, տեղեկացել պայմանների մասին․ «Ես հարցրել եմ՝ եթե էս թեստը հանձնեմ, պատասխանատվություն կրու՞մ եք, որ ես այդ բացասական թեստով կմեկնեմ Մոսկվա, ասացին՝ այո, պետք է մուծել 15 000 դրամ»,-ասաց նա։
Նա նշեց, որ տոմսը գնել է Աշտարակից՝ 151 000 դրամով, տոմսավաճառն էլ ասել է, որ եթե թեստի պատասխանը դրական լինի, կարող են տոմսը հետաձգել այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի թռիչքի, սակայն օդանավակայանում առաջացած խնդիրները խոչընդոտում են։
«Երկու եղբայր ենք գնում, թաղում ենք գնում, հա՛մ ավտոս եմ ծախել, հա՛մ 700 դոլար փող եմ վերցրել, 3 օրվա մեջ հարց լուծել, որ դուրս գամ այստեղից։ Երեք օր առաջ եկել եմ օդանավակայն, ասել են՝ նոր հեռախոս է պետք, գնացել եմ նոր հեռախոս էլ եմ առել, ու հիմա խնդիր է առաջացել»,- ասաց մեկ այլ քաղաքացի։