Փոխնախարար. Աշխարհի տարբեր երկրներում գործող hայագիտական կենտրոնների թիվը կավելանա
Աշխարհի տարբեր երկրներում գործող hայագիտական կենտրոնների թիվը կավելանա: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` արդեն գոյություն ունեցող 8 հայագիտական կենտրոններին նախատեսվում է ավելացնել եւս երկուսը: «Ես չէի ցանկանա բացել փակագծերը` թե կոնկրետ որտեղ են գտնվելու այդ հայագիտական կենտրոնները: Դա պայմանավորված է մի քանի գործոններով, եւ այժմ մենք աշխատում ենք մեր դեսպանատների հետ: Շատ կարեւոր է, որպեսզի ընդունող կողմը շահագրգռված լինի համաֆինանսավորմամբ եւ այս ծրագրի իրականացման շարունակականության ապահովմամբ»,- ասաց Մարտիրոսյանը: