Իսպանուհին հուղարկավորությունից 10 օր անց ողջ-առողջ վերադարձել է ծերանոց՝ զարմացնելով անձնակազմին
Իսպանիայի բնակչուհի Ռոգելիա Բլանկոն զարմացրել է ծերանոցի աշխատակիցներին, երբ տարեցների խնամքի հաստատություն է վերադարձել իր իսկ հուղարկավորությունից 10 օր անց, հայտնում է Euro Weekly- ն:
Նշվում է, որ 85-ամյա Ռոգելիային և Կոնսեպսիոն Արիասին կորոնավիրուսի հայտնաբերումից հետո հոսպիտալացրել էին նույն օրը: Արիասը մահացել է հունվարի տասներեքին, բայց բուժաննձնակազմի սխալի պատճառով մահվան լուրը հայտնել են Ռոգելիայի ընտանիքին:
Հուղարկավորությունը կազմակերպվել է հաջորդ օրը, սակայն կարանտինային արգելափակումների պատճառով բարեկամները չեն կարողացել լիարժեք հրաժեշտ տալ հանգուցյալին:
Դրանից տասն օր անց Ռոգելիան վերադարձել է ծերանոց, ինչով, մեղմ ասած, շատ է զարմացրել այնտեղ գտնվող ամուսնուն ու անձնակազմին: Երբ ամեն ինչ պարզվել է, Արիասի ընտանիքին հայտնել են նրա վախճանի մասին: