Պուերտո Ռիկոյի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել՝ ի պատասխան կանանց եւ տրանսգենդերների սպանությունների
Պուերտո Ռիկոյի նահանգապետ Պեդրո Պիեռլուիզին արտակարգ դրություն է հայտարարել՝ ի պատասխան վերջին տարիներին կանանց եւ տրանսգենդերների սպանությունների։
Պիեռլուիզին գենդերային բռնության պատճառով արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Այն կտեւի մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը:
Ակտիվիստները տարիներ շարունակ պահանջում են, որ կառավարությունը սպանությունների եւ բռնությունների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկի, որոնք, ըստ նրանց, խորացել են 2017-ին կղզուն վրա հասած «Մարիա» փոթորկից եւ կորոնավիրուսի համավարակից հետո, հայտնում է CNN-ը:
Պուերտո Ռիկոյի ոստիկանությունը հայտնում է, որ առնվազն 5517 կին է 2020 թվականին ընտանեկան բռնության զոհ դարձել:
«Գենդերային բռնությունը սոցիալական չարիք է՝ հիմնված տգիտության եւ այնպիսի հարաբերությունների վրա, որոնք չեն կարող տեղ ունենալ Պուերտո Ռիկոյում, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է Պիեռլուիզին:
Նահանգապետի որոշմամբ նախատեսվում են բռնության դեմ պայքարի տարբեր ծրագրեր, այդ թվում` կրթության, աջակցության եւ փրկության հանձնաժողովի ստեղծում: