Վրաստանի ԱԳՆ ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին ինքը՝ արտգործնախարարը, հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»:
52-ամյա Դավիթ Զալքալիանին ասում է, որ իրեն լավ է զգում եւ տանը բուժվում է: Հունվարի 20-ին նախարարը վերադարձել է Իսպանիա կատարած ուղեւորությունից: Նա նշում է, որ վարակվել է հունվարի 23-ին:
«Հունվարի 23-ին վարակվածների հետ շփվելուց հետո, ես անցա ինքնամեկուսացման: Սահմանված ժամկետի ավարտից հետո ՊՇՌ թեստ հանձնեցի: Արդյունքում ինձ մոտ նույնպես COVID-19-ի վարակը հաստատվեց: Հիմա ինձ լավ եմ զգում: Պահպանելով բոլոր կանոնները՝ տանը բուժվում եմ: Հուսով եմ, որ շուտով կվերադառնամ իմ բնականոն կյանքին: Շատ շնորհակալություն բոլորին աջակցության համար: Եկեք հոգ տանենք միմյանց մասին եւ ռիսկերից խուսափելու համար հնարավորինս ճիշտ հետեւենք առողջապահության նախարարության խորհուրդներին»,- գրել է Դավիթ Զալքալիանին: