Նոր Զելանդիայում վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի դեպք է գրանցվել
Վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ Նոր Զելանդիայում COVID-19-ի նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ վիրուսը հայտնաբերվել է 56-ամյա կնոջ մոտ, որը երկիր էր վերադարձել դեկտեմբերի 30-ին:
Նա վարակված է COVID-19-ի հարավաֆրիկյան շտամով:
Գործակալության տվյալներով՝ կինը երկու շաբաթ գտնվել է կարանտինում, որի ընթացքում 2 անգամ նրա թեստը բացասական արդյունք է տվել: Թեստի պատասխանը դրական է եղել կարանտինի ավարտից հետո միայն: Կնոջ հետ շփված 15 անձանց մոտ կորոնավիրուսի թեստը դեռևս բացասական արդյունք է ցույց տալիս:
Նշենք՝ Նոր Զելանդիան աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարը բավական հաջող է ընթացել: Մինչև այս դեպքը Նոր Զելանդիայում վարակի ներքին փոխանցման դեպք վերջին անգամ գրանցվել էր նոյեմբերին:
Ըստ worldometers կայքի տվյալների` Նոր Զելանդիայում մինչև օրս հայտնաբերվել է կորոնավիրուսի 2288 դեպք, որոնցից 25-ը` մահվան ելքով: