Թբիլիսիում ակտիվիստները հանրահավաք էին անցկացնում կառավարության տան մոտ՝ պահանջելով չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված սահմանափակումները
Թբիլիսիում ընդդիմության, գործարար համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հանրահավաք էին անցկացնում կառավարության տան մոտ՝ պահանջելով չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված սահմանափակումները:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ցույցի մասնակցի խոսքով՝ բողոքի ակցիայի նպատակն է համավարակի դեմ պայքարի անվան տակ կառավարության սահմանած բոլոր արգելքների վերացումը: Վերջինս նշել է, որ ակցիայի կազմակերպիչները տարբեր բիզնես-միություններն ու քաղաքացիական ակտիվիստներն են:
Նրանց են միացել «Գիրչի», «Լելոն հանուն Վրաստանի», «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընդդիմադիր կուսակցությունները: Նրանք կարծում են, որ կառավարությունը, առաջին հերթին, պետք է թույլատրի հասարակական տրանսպորտի աշխատանքը, այնուհետև վերացնի մյուս սահմանափակումները: Ցուցարարները մտադիր են պարբերաբար ակցիաներ իրականացնել՝ ստիպելու իշխանություններին զիջումների գնալ:
Վրաստանի իշխանությունները մասշտաբային սահմանափակումներ են ընդունել 2020 թվականի նոյեմբերի 28-ից՝ պայամանավորված վիրուսի տարածման ակտիվացմամբ: Անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարել էր փետրվարի մեկից մեղմացումներ սկսելու մասին:
Հաջորդ ամսվանից, ըստ ծրագրի, կվերացվի կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը, որը գործում է անցյալ տարվա մարտից: Կբացվեն նաև առևտրի կենտրոններն ու խանութները:
Հինգ խոշոր քաղաքներում (Բաթումի, Գորի, Զուգդիդ, Փոթի, Թելավ) կաշխատեն հասարակական տրանսպորտն ու դպրոցները: Փետրվարի 15-ից ողջ երկրւմ կբացվեն խոշոր շուկաները:
Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում հասարակական տրանսպորտը չի աշխատի մինչև մարտի 1-ը: Մինչև այդ ուժի մեջ է մնում նաև պարետային ժամը, որը սահմանվել է 21:00-05:00-ն:
Վրաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 253 518 դեպք, որից 3055-ը՝ մահվան ելքով: