«Իսլամական պետությունը» ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 21-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Բաղդադի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, առնվազն 110 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ատ Տայարան հրապարակի շրջանում, որտեղ գտնվում է շուկան, երկու, միմյանց հաջորդող պայթյուն է որոտացել:
Իրաքի բանակի ներկայացուցչի խոսքով՝ «ահաբեկչական հարձակումն իրականացվել է երկու մահապարտ ահաբեկիչների կողմից, որոնք իրենց պայթեցրել են այն պահին, երբ հետապնդվում էին անվտանգության ծառայության աշխատակիցնեի կողմից»: Դեպքի վայր են ժամանում շտապօգնության մեքենաները։
Իրաքի ուժայիններն անվտանգության նկատառումներով փակել են բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի «Կանաչ գոտի»՝ Բաղդադի կենտրոնական շրջան, որտեղ գտնվում են բազմաթիվ օտարերկրյա պետությունների դեսպանատներ և պետական հաստատությունների կենտրոնական գրասենյակներ: