ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին կոչ է արել երկարաձգել СНВ պայմանագիրը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել միջուկային սպառազինության հիմնական համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է երկու շաբաթից պակաս ժամանակում, ապա ընդլայնել պայմանագիրը` ներառելով ավելի շատ սպառազինություններ եւ Չինաստանը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված նոր СНВ-ի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին:
«Մենք չպետք է հայտնվենք առանց միջուկային մարտագլխիկների սահմանափակումների իրավիճակում, եւ նոր СНВ-ի ժամկետը մի քանի օրվա ընթացքում կլրանա»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Սթոլթենբերգը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հասկացրել է, որ Մոսկվան պատրաստ է արագ գործել պակտը պահպանելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով ստորագրման պահին փոխնախագահ է եղել, նույնպես այն պահելու օգտին է արտահայտվել:
Բայց Սթոլթենբերգը նաեւ ընդգծել է, որ «նոր СНВ պայմանագրի երկարաձգումը վերջը չէ, դա զենքի վերահսկումն ավելի ուժեղացնելու մեր ջանքերի սկիզբն է»:
«Մենք պետք է ուղիներ փնտրենք սպառազինության ավելի շատ համակարգեր ընդգրկելու համար, համակարգեր, որոնք ենթակա չեն նոր СНВ-ին, եւ նաեւ Չինաստանը ներառելու համար, քանի որ Չինաստանն այժմ լրջորեն արդիականացնում է իր միջուկային զենքը, եւ ոչ միայն արդիականացնում, այլ նաեւ ընդլայնում է իր միջուկային հնարավորությունները»,- ասել է նա։