Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է Ադրբեջանի հետ վիճելի վանական համալիրի շուրջ հետաքննությունը
Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է Ադրբեջանի հետ սահմանային վեճերի առիթ դարձած Դավիթ Գարեջի վանական համալիրի գործով հետաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը՝ հղում տալով դատախազ Ամիրան Գուլուաշվիլիին:
Ինչպես նշել է Գուլուաշվիլին, այժմ գործը կուղղվի Թբիլիսիի քաղաքային դատարան:
«Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է մեղադրյալներ Իվեր Մելաշվիլիի և Նատալյա Իլիչևայի նկատմամբ հետաքննությունը՝ Վրաստանի տարածքի մի մասն այլ պետությանը (Ադրբեջանին) փոխանցելուն հանգեցրած գործողությունների փաստի առթիվ: Գործը կքննվի Թբիլիսիի քաղաքային դատարանում: Քրեական գործով իրականացվել են հարյուրավոր քննչական և դատավարական գործողություններ: Որպես վկա հարցաքննվել է մինչև 100 մարդ: Կառավարական տարբեր գերատեսչություններում առգրավել են գործի համար կարևոր փաստաթղթեր, ներառյալ քարտեզագրական նյութեր:
1937-1938 թվականների 1/200 000 մասշտաբի տեղագրական բնօրինակ քարտեզը հայտնաբերվել է Նատալյա Իլիչևայի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների արդյունքում: Հատկանշական է, որ այս քարտեզը պետական սեփականություն է, և մեղադրյալի աշխատասենյակի փոխարեն այն, ըստ Վրաստանի օրենսդրության, պետք է պահվեր Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալության արխիվում»,-ասել է Գուլուաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնֆլիկտ է ծագել Դավիթ Գարեջի վանական համալիրի պատճառով: Ներկայումս սահմանային վանական համալիրի մի մասը գտնվում է Վրաստանի, մյուս մասը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո: