GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների եւ ռիսկերի. «Բարգավաճ Հայաստան»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը, Արտեմ Ծառուկյանը և ես այցելել ենք Սյունիքի մարզ: Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ իրենք մարզ են ուղեւորվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրահանգով: Մելքումյանը հիշեցրեց, որ իրենք Սյունիք են գնացել անցյալ շաբաթվա վերջին եւ վերադարձել են այս շաբաթվա սկզբին: «Մենք եղել ենք մարզի բոլոր քաղաքներում, այցելել ենք Որոտան եւ Շուռնուխ գյուղեր, որոնք կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մենք այդ մարդկանց սոցիալական օգնություն էինք տարել»,- ասաց խորհրդարանականը՝ պարզաբանելով իրենց այցի նպատակը:
Պատգամավորը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն միշտ ուշադիր կլինի Սյունիքի բնակիչների խնդիրների հանդեպ: Ավելին, նրա գնահատմամբ, այսօրվա դրությամբ Սյունիքը սպառնալիքի տակ է, եւ այդ սպառնալիքի զգալի մասը բխում է հարեւան Ադրբեջանից: «Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ: Գյուղի մի մասն ընդհանրապես անցել է ադրբեջանցիներին: GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների եւ ռիսկերի: Այդուհանդերձ, դրանք պետք է ինչ-որ կերպ հաղթահարել»,- ամփոփեց պատգամավորը: