«Համավարակի դեմ պայքարելու համար ԱՀԿ-ին աջակցությունը բացարձակ անհրաժեշտություն է». Գուտերեշը ողջունել է Բայդենի՝ երկիրը ԱՀԿ վերադարձնելու որոշումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ երկիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունանը (ԱՀԿ) վերադարձնելու որոշումը, հաղորդում է thehindu.com-ը։
Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ողջունում է ԱՀԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու Միացյալ Նահանգների որոշումը՝ շեշտելով, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար ԱՀԿ-ին աջակցությունը «բացարձակ անհրաժեշտություն է»։
Նա նշել է, որ Վաշինգտոնի՝ պատվաստանյութերի գլոբալ նախաձեռնությանը միացումը կնպաստի բոլոր երկրների համար պատվաստանյութերի հավասար հասանելիություն ապահովելու ջանքերին։
«Քանի որ պատվաստանյութերը COVID-19-ի դեմ պայքարի կարևորագույն գործիքն են, COVAX հիմնադրամին Միացյալ Նահանգների միացումը և աջակցությունը խթան կհանդիսանան բոլոր երկրների համար պատվաստանյութերի արդարացի հասանելիության ապահովման ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել Բայդենի՝ կլիմայի փոփոխության մասին Փարիզյան համաձայնագրին վերադառնալու որոշումը:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն իր երդմնակալության օրը 17 հրաման է ստորագրել, այդ թվում ՝ ԱՀԿ-ին և Փարիզյան համաձայնագրին վերադարձը, դիմակներ կրելու պարտադիր ռեժիմի սահմանումը, Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման չեղարկումը և այլն։