Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել «օրենքով գող» Յապոնչիկի սպանության գործով ամբաստանյալներին
Աբխազիայի գլխավոր դատախազությունը ռուս գործընկերներից իրավաբանական օգնության հարցում է ստացել Յապոնչիկ անունով հայտնի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի սպանության քրեական գործի շրջանակներում, հայտնում է գերատեսչության կայքը:
Փաստաթղթում ասվում է, որ հանրապետության օրենքներն արգելում են Աբխազիայի քաղաքացիների արտահանձնումը օտարերկրյա պետությանը՝ քրեական հետապնդման համար: Խոսքը հանրապետության քաղաքացիներ Աստամուր Բուտբայի եւ Նուգզար Պապավայի մասին է, ովքեր հեռակա կարգով մեղադրվում են Մոսկվայի Բասմանյան դատարանի կողմից ձերբակալված եւ միջազգային հետախուզման մեջ հայտնված Յապոնչիկի սպանության մեջ:
Այս դեպքում անձինք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Ռուսաստանի իրավասու մարմիններից քրեական գործի համապատասխան նյութերը ստանալուց հետո:
Գերատեսչությունը նշում է նաեւ, որ այս պահին հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչությունը քննչական եւ դատավարական գործողություններ է իրականացնում:
Վյաչեսլավ Իվանկովը ծանր վիրավորվել էր 2009-ի հուլիսի 28-ին`վՄոսկվայի Խորոշեւսկոե մայրուղու ռեստորաններից մեկում: Վնասվածքներից նա մահացել էր երկու ամիս անց: Այդ ժամանակ Յապոնչիկը «զբաղեցնում էր ամենաբարձր մակարդակը քրեական հիերարխիայում՝ ունենալով «օրենքով գողի» կարգավիճակ: