Ինչո՞ւ մինչև հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Պարոն վարչապետ, դուք հայտարարել եք, որ պատերազմում եղել են դավաճաններ, հայրենիքը ծախածներ, թերացած պատասխանատուներ. Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները, հայրենիքը ծախածների անունները, պոստերում թերացած մարդկանց անունները եւ ինչու նրանք մինչեւ հիմա պատասխանատվության առաջ կանգնած չեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը, ով եւս մասնակցել է պատերազմին:
Նա նաեւ հիշատակեց, որ ընկերներ է կորցրել պատերազմում, այդ թվում ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպրյանին եւ նրա որդուն:
Նիկոլ Փաշինյանը նախ խնդրեց ճիշտ մեջբերել իր խոսքը, ապա շարունակեց. «Պատերազմի հետ կապված, ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, 1300-ի կարգի քրեական գործ կա եւ այդ գործերով ընթանում է նախաքննություն: Այո, գուցե տեմպերը... միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, այդ հարցը կա, գոյություն ունի եւ իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք, որ հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ:
Ինչ վերաբերում է մարտի դաշտում ընկած մեր եղբայրներին, իմ եւ բոլորի խոնարհումը մեր բոլոր ընկած հերոսներին, այդ թվում ձեր կողմից հիշատակված Ռուստամ Գասպարյանին եւ նրա որդուն»:
Նա հավելեց, որ այո, իր գնահատականների մեջ կարող են լինել նաեւ քաղաքական գնահատականներ, եւ դրանք նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն. «Գուցե թե հետաքննվում են, գուցե թե դրանցով տեղի են ունենում դատավարություններ, կամ տեղի կունենան դատավարություններ»,-ընդգծեց Փաշինյանը: