Թաիլանդում 65-ամյա կինը երկրի միապետին ու նրա ընտանիքին վիրավորելու համար դատապարտվել է 43 տարվա ազատազրկման
Թաիլանդում 65-ամյա կինը երկրի միապետին ու նրա ընտանիքին վիրավորելու համար դատապարտվել է 43 տարվա ազատազրկման, ինչը, շատերը որակում են թագավորությունում բարեփոխումներ պահանջող ցուցարարներին ուղղված «նախազգուշացում», հաղորդում է CNN-ը։
Անչան Պրելերթը մեղադրվում է 2014-2015 թվականներին YouTube-ում և Facebook-ում թագավորական ընտանիքի վերաբերյալ քննադատական ձայնագրություններ տարածելու համար։
Բանգկոկի քրեական դատարանը սկզբում նրան դատապարտել է 87 տարվա ազատազրկման, սակայն կինն ընդունել է իր մեղքը, ուստի դատարանը կրճատել է դատավճիռը։
Գործը քննվել է ուղիղ վեց տարի, որից գրեթե չորսը կինն անցկացրել է նախնական կալանքի տակ:
Նախորդ «ռեկորդը» սահմանվել էր 2017 թվականին, երբ համացանցում միապետությանը վիրավորելու համար 34-ամյա վաճառողին 35 տարով ազատազրկման էին դատապարտել։
«Այսօրվա վճիռը ապշեցուցիչ է և ցույց է տալիս, որ միապետությունը ոչ միայն չի հանդուրժում քննադատությունը, այլև պատրաստ է պատժել ամենայն դաժանությամբ»,- հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «Թաիլանդի իշխանությունները միապետությանը վիրավորելու մասին օրենքն ու կնոջ դատապարտումն օգտագործում են երիտասարդական շարժմանը վախեցնելու և նախազգուշացնելու հաար։ Քաղաքական իրավիճակը երկրում գնալով վատանալու է»։