ԱՄՆ նոր պետքարտուղարի թեկնածուն հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի համար Ռուսաստանի քայլերը մարտահրավեր են, իսկ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է գործել Երուսաղեմում
Ամերիկյան նոր վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանի վարած քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները Միացյալ Նահանգների համար մարտահրավեր են, և այդ հարցին էական ուշադրություն են հատկացնելու, հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք մի շարք մարտահրավերների մասին ենք զրուցել: Մարտահրավերը, որն իրենից Ռուսաստանն է ներկայացնում մի շարք ուղղություններով, ԱՄՆ նոր վարչակազմի օրակարգի ամենաառանցքային հարցերից մեկն է լինելու»,- ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Բլինքենը:
Նա նաև հայտարարել է, որ Բայդենի օրոք Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է մնալ Երուսաղեմում, որտեղ դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխվել էր դեռևս գործող նախագահ Թրամփի 2017 թ. դեկտեմբերին կայացրած որոշմամբ՝ 2018 թ.:
Հարցին, թե արդյոք կարծում է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է, և արդյոք իր վրա պատասխանատվություն է վերցնում՝ պնդելու, որ դեսպանությունը շարունակելու է գործել Յերուսաղեմում, Բլինքենը պատասխանել է. «Այո, և կրկին՝ այո»: