Ազգային ժողովի նիստը, հունվարի 20. Այն 20 րոպեով ընդմիջվել էր. «Իմ քայլից» որոշ պատգամավորները խցանումների պատճառով չեն հասել խորհրդարան (Տեսանյութ)

ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ելույթ ունեցավ և խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց:
«Այսօր քվեարկությունների շարքում ունենք Սահմանադրական օրենք, և քանի որ մեր որոշ պատգամավորներ նաև ճանապարհային խցանումների պատճառով չեն հասցրել խորհրդարան հասնել, խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում ենք վերցնում»,- ասաց նա:
Նիստին ներկա էին 99 պատգամավոր: Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ձայների 3/5-ով:
Նշենք, որ Օրակարգում ներառված են «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։