ԱՄԷ. Արաբական աշխարհի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց տարածաշրջանային եւ գլոբալ ասպարեզում առանցքային դերակատարների
Արաբական աշխարհի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց տարածաշրջանային եւ գլոբալ ասպարեզում առանցքային դերակատարների համագործակցության: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը, հայտնում է Asharq Al-Aswat-ը:
Նա ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ համագործակցության կարեւորությունը՝ վեճերն ու ճգնաժամերը լուծելու գործում:
«Այս հանդիպումը մեծ նշանակություն է ստանում բարդ եւ բազմակողմ ճգնաժամերի ֆոնին, որոնք ազդում են արաբական երկրների եւ նրանց ժողովուրդների ներուժի եւ ռեսուրսների վրա»,- ասել է Գարգաշը` նշելով, որ արդյունավետ լուծումների բացակայությունը խորացնում է առկա ճգնաժամերը եւ սպառնում տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: ... «Անվտանգության խորհրդի գովելի ջանքերին զուգահեռ, Արաբական պետությունների լիգան ջանասիրաբար փորձում է ելքեր գտնել տարածաշրջանային ճգնաժամերից, հատկապես Եմենում, Սիրիայում, Լիբիայում եւ Պաղեստինում, մանավանդ որ ոչ մի կազմակերպություն չի կարող հասնել երկարաժամկետ եւ համապարփակ լուծումների այս բարդ ճգնաժամերի համար, որոնք կոլեկտիվ ջանքեր են պահանջում»:
Նա կոչ է արել ամենամյա հանդիպում անցկացնել արաբական կարեւոր հիմնախնդիրները ուսումնասիրելու եւ միջազգային պաշտոնատար անձանց այցերը տարածաշրջան ակտիվացնելու համար` շարունակելու ճգնաժամերի բնույթի ավելի խորը եւ հստակ ընկալումը: Գարգաշը նաեւ կոչ է արել շարունակել համակարգումը ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ բանագնացների միջեւ, որպեսզի արագացվեն միջնորդական ջանքերը՝ ընթացիկ ճգնաժամերը լուծելու համար եւ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ընդհանուր հիմքի հասնելու համար: