Հայաստանում հանքարդյունաբերության որոշ ընկերություններ շահութահարկ չեն վճարել. պատգամավոր
Հանձնաժողովն իր աշխատանքը սկսել է հարցերից, որոնք հանրային արձագանք են առաջացրել: Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում ասաց խորհրդարանի ստեղծած Մետաղական հանքարդյունաբերության ձեռնարկությունների գործունեության քննիչ հանձնաժողովի ղեկավար, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը ներկայացրեց կատարված աշխատանքի հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ իր ստացած բազմաթիվ նախաձեռնությունների թվում առաջարկվել է նաեւ կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան երկիր ներգրավել մասնավոր կապիտալ, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել մետաղների արդյունահանման ոլորտում նոր ներդրումային միջավայրի ձեւավորման համար: Մեր աշխատանքը բաժանվել էր առանձին հատվածների: Մենք ուսումնասիրել ենք Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ինչպես նաեւ Թեղուտի, Սոթքի եւ Մղարդի հանքերի հետ կապված հարցերը»,- պարզաբանեց Բագրատյանը:
Նա նշեց, որ նոյեմբերի 25-ի նիստում քննիչ հանձնաժողովը քննարկել է Գլխավոր դատախազության ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկությունը: Քննարկվել են հանքարդյունաբերության հետ կապված հարցեր: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ երկու հանքերի դեմ քրեական գործեր են հարուցվել: «Հանքարդյունաբերության 27 ընկերություններ լիցենզիաներ ունեն, որոնց գործողության ժամկետը լրանում է 2025-2045 թվականներին: Ընդգծվում էր նաեւ, որ հանքերից ոչ մեկը ակտիվ շահագործման փուլում պետությանը շահութահարկ չի վճարել: Այսինքն՝ ստացվում է, որ այդ հանքավայրերի ղեկավարությունը վնասով է աշխատում, սակայն ինչ-որ կերպ միջոցներ է գտնում այս կամ այն միջոցառումն իրականացնելու համար, այդ թվում նաեւ բարեգործական»,- նշեց պատգամավորը: