«Լուսավոր Հայաստան». Հակակոռուպցիոն դատարանները չեն նպաստի դատական համակարգում կոռուպցիայի նվազմանը
Արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը չի օգնի նվազեցնել կոռուպցիայի բաղադրիչը Հայաստանի դատական համակարգում, այլ ընդհակառակը՝ դրա համար կստեղծի նոր պայմաններ եւ ռիսկեր: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում հունվարի 18-ին «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը կհանգեցնի խտրականության բուն դատական համակարգում:
«Հակակոռուպցիոն դատարանը կհամարվի մասնագիտացված դատարան: Նայում ենք Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնական աշխատավարձին եւ համեմատում ենք Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի հետ: Ակնհայտ է, որ Հակակոռուպցիոն դատարանի նախագահը ավելի շատ է ստանալու, չնայած երկուսն էլ մասնագիտացված դատարանների նախագահներ են: Նույնը կարելի է տեսնել, երբ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը համեմատենք Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձի հետ»,- ասաց Սամսոնյանը: