Տոնոյան. ադրբեջանցի զինվորականներն ավտոճանապարհին վարորդներին ժեստերով ցույց են տալիս, որ պատրաստվում են գլխատել նրանց
Խորհրդարանի օրակարգում չկան հարցեր, որոնք վերաբերում են Ղարաբաղից փախստականների, ռազմագերիների, անհետ կորածների եւ Սյունիքի անվտանգության ապահովման հարցերին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ մեծամասնության առաջարկած օրակարգում չկան հարցեր, որոնք կարող էին որեւէ կերպ մեղմել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, դրա փոխարեն կան ավտոմեքենաների կայանման հարցով օրինագծեր: «Հասկանո՞ւմ եք, որ այս կառավարությունն իր առաջնորդի գլխավորությամբ արդեն սպառել է իրեն տրամադրված լեգիտիմությունն ու որեւէ օրակարգ այլեւս չունի»,-դիմեց Տոնոյանը «Իմ քայլի» պատգամավորներին:
Նա նաեւ նշեց, որ քաղաքական մեծամասնությունը դա չի հասկանում եւ շարունակում է ապրել իր մտացածին աշխարհում: «Ադրբեջանցի զինծվորականները Գորիս-Կապան ավտոճանապարհին վարորդներին ժեստերով ցույց են տալիս, որ պատրաստվում են գլխատել նրանց»,-ընդգծեց պատգամավորը՝ առաջարկելով իշխող դաշինքի պատգամավորներին այցելել Սյունիք եւ իրենց աչքով տեսնել, թե ինչ է կատարվում: