Կորոնավիրուսի քիչ ուսումնասիրված բարդություններ. Նյարդաբանական խանգարումներ, ԿՆՀ խնդիրներ, կաթված
Կորոնավիրուսային ինֆեկցիայով որոշ պացիենտների մոտ կարող են դրսեւորվել քիչ ուսումնասիրված բարդություններ, այդ թվում՝ նյարդաբանական խանգարումներ, ինչպես վարակված լինելու շրջանում, այնպես էլ ապաքինվելուց հետո: Այս մասին հայտնել է նյարդաբան Նեոնիլա Ֆոմինա-Չերտոուսովան (Ռուսաստան), փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:
COVID-19-ի դեպքում կարող են առաջանալ նաեւ կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ: Ավելին՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում կաթվածի զարգացման հավանականությունը մեծանում է շուրջ 6 տոկոսով:
«Այն կարող է պատահել կա՛մ կովիդով վարակվելուց հետո 1-3 շաբաթ անց, կա՛մ դառնալ ինֆեկցիոն հիվանդության առաջին ախտանիշը»,- ասել է մասնագետը:
Խոսելով կորոնավիրուսի պատճառով դեմենցիայի արագ զարգացման մասին, մասնագետը նշել է, որ քրոնիկական անոթային խանգարումները կարող են ուղեկցվել նաեւ գրգռվածությամբ, գիտակցության կորստով ջղակծկումներով կամ հակառակը՝ քնկոտությամբ եւ ապատիայով: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղը չի ստանում թթվածնի անհրաժեշտ ծավալ:
Նյարդաբանը նաեւ նշել է, որ ռիսկի խմբում են, այդ թվում, նաեւ երիտասարդ պացիենտները, որոնց մոտ ինֆեկցիան կարող է ընթանալ առանց թոքաբորբի, եւ որոնք կարող են անգամ չկռահել, որ իրենք հիվանդ են:
«Իսկ հետո կարող են ընդարմանալ նրանց ձեռքերի դաստակները եւ ոտնաթաթերը»,- պարզաբանել է մասնագետը: