Գյումրիի զբաղվածության կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվն ավելացել է
Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկների թիվն ավելացել է: Այս մասին shantnews-ին ասել է կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը: Զբաղվածության կենտրոնն ամփոփել է հաշվառվողների դիմելիության ցուցանիշները, համաձայն որոնց զբաղվածության կենտրոնի միջոցով աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 300-ով:
«Հունվարի 1-ի դրությամբ ունենք 14 հազար 887 աշխատանք փնտրող,որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 10 հազար 527 -ը , մնացածները զբաղված են, ունեն աշխատանք , հաշվառման մեջ են մնացել։ Բայց հստակ գործազուրկների թիվը 10 հազար 527 է: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտավոր 300-ով, իսկ աշխատանք փնտրողների թիվը շուրջ 1000-ով է ավելացել»,- ասել է Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Աշխատանք են փնտրում հիմնականում միջին և երիտասարդ տարիքի մարդիկ, որոնք մասնագիտական կրթություն ունեն, բայց աշխատանքային փորձ չունեն: Վերջին տարիներին զբաղվածության կենտրոնը պետական ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով երիտասարդները աշխատանքային փորձ են ձեռք բերում գործատուների մոտ ու անցնում աշխատանքի:
Այս ծրագրերը շահավետ պայմաններ են ստեղծում նաև գործատուների համար: Նույն շահավետ պայհմաններն են գործում նաև հաշմանդամների համար՝ աշխատատեղերի հարմարեցման ծրագրի դեպքում: Հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի են անցնում տարբեր ընկերություններում, նրանց աշխատատեղի հարմարեցման և աշխատավարձի գումարները գործատուին փոխհատուցում է զբաղվածության կենտրոնը: Այս տարի, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը ավելացել են:
«2021 թվականին նախատեսեցինք ավելի ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ամեն ինչ արվում է, որ այս ծրագրերը կենսունակ լինեն, այս ծրագրերն երբեք չեն կանգնում ֆինանսավորման խնդրի առաջ: Շատ գործատուներ պատրաստ են վերցնել հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագրում բաղադրիչն այն է, որ անպայման պետք է լինի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ: Մեր կենտրոնում հիմնականում երրորդ խմբի հաշմանդամներն են հաշվառված, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ էլ կան հաշվառված, բայց նրանք ավելի քիչ են: Եթե կլինեն դիմողներ առաջնահերթ կփորձենք աջակցել նրանց »,- ասել է Ամալյա Ադամյանը:
Վերջին երեք տարիներին աճել է զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը: Անցած՝ 2020թվականին, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնը իրականացրել է ծրագրեր 205 մլն դրամ արժողության, այս տարի բյուջեն կկազմի 210 մլն դրամ: