Աֆղանստանի 4 նահանգներում պայթյուններ են տեղի ունեցել 12 ժամից պակաս ժամանակահատվածում. զոհվել է 3 մարդ
Շաբաթ առավոտյան Աֆղանստանի 4 նահանգներում, ներառյալ Քաբուլում եւ Բագլանում պայթյուններ են տեղի ունեցել 12 ժամից պակաս ժամանակահատվածում, որոնց հետեւանքով 3 մարդ զոհվել է, հայտնում է TOLO News-ը:
Քաբուլում 2 ոստիկան զոհվել է պայթյունի հետեւանքով, որի թիրախում էր զրահապատ ավտոմեքենան, հայտնել են ոստիկանությունից:
Երեք մարդ վիրավորվել է 2 պայթյունների հետեւանքով:
Աղբյուրները հայտնել են, որ ավտոմեքենան պատկանել է Քաբուլի ոստիկանության անվտանգության հարցերով վարչության պետի տեղակալ Մոհամմադ Նաբի Բայանին, որը հարձակումից հետո ողջ է մնացել եւ վերադարձել գրասենյակ:
Միաժամանակ, մեկ ոստիկան զոհվել է եւ եւս երկուսը վիրավորվել են ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից: Պայթեցումների թիրախն էր Բագլան նահանգի Փուլ ի Հումրի քաղաքում ոստիկանական ավտոմեքենան, հայտնել է նահանգային ոստիկանությունը:
Շաբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Քանդահար նահանգի Դաման շրջանում, հայտնել են աղբյուրները: Տեղական իշխանությունները մինչեւ հիմա հարձակման մասին մանրամասներ չեն ներկայացրել:
Ուրբաթ երեկոյան Գիլմենդ նահանգի Նահր ի Սիրաժ շրջանում ռումբի եւս մեկ պայթյուն էր տեղի ունեցել ավտոմեքենայի մեջ, որ հետեւանքով զոհվել էին անվտանգության ուժերի 2 աշխատակիցներ, հայտնել է Գիլմենդի նահանգային խորհրդի անդամ Աթաուլլահ Աֆղանը:
Դրանից բացի, շաբաթ առավոտյան Գիլմենդ նահանգի Լաշքարգա քաղաքում անհայտ զինված անձինք սպանել էին Հետախուզության ժողովրդական խորհրդի աշխատակից Ջումա Գյուլին, հայտնել է անվտանգության ծառայությունում աղբյուրը: