«Իրանի ռեժիմն իսկապես ուզում է միջուկային զենք ունենալ. Թել Ավիվը պետք է հակազդելու «տարբերակներ» ունենա». Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելցի զինվորականներին հանձնարարվել է ձևակերպել` Թեհրանի ենթադրյալ սպառնալիքին հակազդելու Թել Ավիվի «տարբերակները», ներառյալ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը: Այս մասին Israel Hayom թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, հայտնում է almasdarnews.com կայքը:
«Իրանը վերջին տարիներին առաջընթաց է գրանցել հետազոտությունների և մշակումների տեսանկյունից, ինչպես հարստացված ուրանի, այնպես էլ հարձակողական կարողությունների տեսանկյունից, և ունի այնպիսի ռեժիմ, որն իսկապես ցանկանում է միջուկային զենք ունենալ», - ասել է Գանցը: Նա հավելել է, որ Իսրայելն իսկապես պետք է ռազմական տարբերակ ունենա սեղանին, ինչը ռեսուրսներ և ներդրումներ է պահանջում և նշել, որ ինքն աշխատում է այդ ուղղությամբ:
Թերթը նշել է, որ Իսրայելի պաշտպանական բանակի Ռազմավարության և երրորդ շրջանի վարչությունը, որը նաև անվանվում է «Իրանի հարցերով վարչություն», պետք է մշակի երեք նախագիծ, որոնց միջոցով հնարավոր կլինի խափանել Իրանի ենթադրյալ միջուկային ջանքերը:
Որպես Իրանի ենթադրյալ ագրեսիվ վարքի ապացույց, Իսրայելը մատնանշում է ուրանի մինչև 20 տոկոս հարստացումը և երկրի՝ ռեակտորի վառելիքի համար մետաղական ուրան արտադրելու ծրագրերը, որոնք երկուսն էլ հակասում են Իրանի միջուկային համաձայնագրով (JCPOA) սահմանված պահանջներին:
Հաշվի առնելով այն, որ միջուկային զենք ստանալու համար ուրանի հարստացումը պետք է ավելանա ևս 80-90 տոկոսով, հակառակ Իսրայելական կողմի տեսակետին` Իրանը բազմիցս նշել է, որ չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել:
Ինչպես ավելի վաղ նշել էր tert.am -ը, Իսրայելի վարչապետի գլխավորած «Լիկուդ» կուսակցության մամուլի խոսնակն ասել է, որ Իսրայելն արդեն երկու անգամ արել է այն ինչ պետք է արվեր` 1981 թվականին Իրաքի և 2007-ին Սիրիայի միջուկային ծրագրերի դեմ`նկատի ունենալով իսրայելական օդային հարվածները երկու արաբական երկրների միջուկային ռեակտորներին: