Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնում ծառայելու են 60 զինվորականներ Ռուսաստանից եւ Թուրքիայից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հրադադարի մոնիթորինգի կենտրոնի տեղադրությունը որոշվել է՝ Ադրբեջանի Աղդամի շրջանում: Կոնտեյներներն արդեն տեղ են հասել, շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք եւ ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ ուղեւորվել»,- Չավուշօղլուին է մեջբերում Sabah պարբերականը:
Նա հավելել է, որ սա կլինի ոչ մեծ դիտորդական կենտրոն, չնայած անհրաժեշտության դեպքում այն կարելի է ընդլայնել:
«Եթե ապագայում անհրաժեշտություն ծագի, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք եւ միշտ անհրաժեշտ աջակցություն ցույց կտանք»,- հավելել է թուրք նախարարը: