Ուկրաինան մտադիր է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեղադրվում են ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար
Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի պատասխանատվության ենթարկի բոլոր նրանց, ովքեր մեղադրվում են ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար, այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Անկախ կուսակցական պատկանելությունից, այս վարչակազմը կանի ամեն ինչ, որպեսզի պատասխանատվության ենթարկի բոլոր նրանց, ովքեր միջամտել են ԱՄՆ ընտրություններին»,- գրել է Երմակը:
Օրերս ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Ուկրաինայի 7 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց մեղադրել է խորհրդարանական Անդրեյ Դերկաչի՝ Ռուսաստանի հետ կապեր ունեցող արտաքին ազդեցության ցանցի հետ համագործակցելու համար և նրանց դեմ պատժամիջոցներ է սահմանել։ ԱՄՆ կառավարությունը Դերկաչի դեմ պատժամիջոցների է սահմանել դեռևս սեպտեմբերին՝ 2020-ի ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի մեղադրանքների համար։
«Սև ցուցակում» հայտնվածների թվում է նաև Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ, ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Դուբինսկին հերքել է ընտրություններին իր միջամտությունը։