Կապիտոլիումի մերձակայքում հայտնաբերված ռումբերը ժամանակաչափեր և դետոնատորներ են ունեցել
ԱՄՆ մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինի խոսքով՝ 2 ինքնաշեն պայթուցիկ սարքերը, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ Կոնգրեսի մոտ հունվարի 6-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների օրը, սարքավորված են եղել ժամանակաչափերով ու դետոնատորներով։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է NBC News-ի թղթակից Թոմ Ուինթերը:
Դատախազի պաշտոնակատարը նշել է նաև, որ դեռևս պարզ չէ՝ ինչ նպատակով են դրանք բերվել դեպքի վայր: Հավանական է, որ սարքերը շեղելու համար են նախատեսված եղել, բայց պետք չէ բացառել նաև վնաս հասցնելու փորձի վարկածը կամ նույնիսկ երկուսն էլ միասին:
Պայթուցիկ սարքերը վնասազերծվել են:
Անկարգությունների ընթացքում կատարված ամենալուրջ հանցագործությունների համար մեղավորներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: