Նախկին տիեզերագնացը դարձել է Կանադայի ԱԳՆ ղեկավար
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կառավարությունում կադրային փոփոխություններ է կատարել՝ արտաքին գործերի նախարար նշանակելով տիեզերքում եղած առաջին կանադացուն:
Թրյուդոն այս քայլին գնացել է գարնանը հնարավոր ընտրություններից առաջ: Նախկին տիեզերագնաց Մարկ Գարնոն դարձել է արտաքին գործերի նախարար, իսկ ներկայիս արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ ինովացիաների, գիտության եւ արդյունաբերության նախարար:
Թրյուդոն ասել է, որ կաբինետում կարեւոր պաշտոնները պետք է զբաղեցնեն այն նախարարները, ովքեր մտադիր են իր կողքին երկար մնալ եւ ովքեր կարող են ներկայացնել կառավարության օրակարգը հաջորդ ընտրարշավի ընթացքում:
Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել է 2019-ի ընտրություններում, բայց խորհրդարանում մեծամասնություն չունի եւ իշխանությունը պահպանելու համար պետք է ապավինի առնվազն մեկ ընդդիմադիր կուսակցության:
Վերլուծաբանների կարծիքով՝ հաջորդ դաշնային բյուջեի շուրջ հավանական վեճերը կարող են գարնանը համընդհանուր ընտրությունների պատճառ դառնալ։
71-ամյա Գարնոն նաեւ կգլխավորի Կանադայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների հանձնաժողովը: Ինժեներ-էլեկտրիկը եւ Կանադայի Թագավորական նավատորմի նախկին սպան դարձել է առաջին կանադացին, ով եղել է տիեզերքում։ 1984թ. նա այնտեղ է թռել ամերիկյան տիեզերանավով: