Լիբանանն Իսրայելի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ում
Լիբանանն Իսրայելի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ում՝ կապված իր օդային տարածքի ամենօրյա խախտումների հետ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետախուզության ուժեղացման ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Նախագահ Միշել Աունը կոչ է արել դատապարտել Իսրայելի կողմից «Լիբանանի ինքնիշխանության խախտումն ու ագրեսիան» եւ պահպանել ՄԱԿ-ի բանաձեւը , որը հանգեցրել է երկու երկրների միջեւ մարտական գործողությունների դադարեցման 2006 թվականին նրանց վերջին լայնամասշտաբ կոնֆլիկտից հետո:
Երկու երկրները տեխնիկապես մնում են պատերազմական վիճակում, եւ Լիբանանը բազմիցս բողոք է ներկայացրել Իսրայելի դեմ իր օդային տարածքը խախտելու համար:
Հետախուզական անօդաչու թռչող սարքերը երբեմն մնում են Լիբանանի օդային տարածքում 24 ժամվա ընթացքում՝ ասել է լիբանանցի զինվորական պաշտոնյան:
Իսրայելը հազվադեպ է մեկնաբանում նման առաքելությունները, սակայն իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, որ թռիչքներն անհրաժեշտ են, քանի որ «Հեզբոլլահը» «խախտում է» 2006թ. ՄԱԿ-ի բանաձեւը:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (ՅՈՒՆԻՖԻԼ) հայտարարում են, որ Իսրայելն ամեն օր մտնում է Լիբանանի օդային տարածք՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձեւերն ու երկրի ինքնիշխանությունը:
2020 թվականի հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԻՖԻԼ-ը գրանցել է օրական օդային տարածքի միջինում 12,63 խախտում, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 61 ժամ 51 րոպե: