Կուբան և Իրանը համաձայնագիր են ստորագրել պատվաստանյութի առաջատար թեկնածուի տեխնոլոգիայի փոխանցման մասին
Կուբան համաձայնագիր է կնքել Իրանի հետ` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իր ամենաառաջատար թեկնածուի տեխնոլոգիայի փոխանցման մասին, հայտնում է Reuters-ը:
Անցյալ ամսվա վերջին Իրանը սկսել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի իր առաջին ներքին թեկնածուի փորձարկումները մարդկանց վրա, մինչդեռ Կուբայում չորս թեկնածու է փորձարկումներ անցնում:
Պաշտոնական անձինք հայտարարել են, որ այն բանից հետո, երբ իրենց ամենաառաջատար թեկնածուն` Soberana (Sovereign) 2-ը, կավարտի փորձարկման երկրորդ փուլը, որը մեկնարկել էր դեկտեմբերի 22-ին, այն կփորձարկվի Հավանայում մոտ 150.000 մարդու վրա:
Կուբայի Ֆինլի պատվաստանյութերի ինստիտուտն ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել իրանական Պաստերի ինստիտուտի հետ` Soberana 2-ի փորձարկման հարցում համագործակցության մասին:
«Այս համագործակցությունը թույլ կտա երկու երկրներին ավելի արագ շարժվել SARS-CoV-2 վիրուսի դեմ իմունիզացման ուղղությամբ», - ասվում է Twitter-ում արված գրառման մեջ: