Եթե պատժամիջոցները չվերացվեն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները կարտաքսվեն երկրից. իրանցի պատգամավոր
Իրանի խորհրդարանի նախագահող խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադին հայտարարել է, որ եթե պատժամիջոցները չչեղարկվեն, Իրանը փետրվարի 21-ին կարտաքսի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին:
«Եթե Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, հատկապես՝ տնտեսական, բանկային և նավթի ոլորտներում, չչեղարկվեն մինչև փետրվարի 21-ը, մենք վճռականորեն երկրից կարտաքսենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին»,- պատգամավորին մեջբերում է «Մեհր» գործակալությունը:
Վերջինս հավելել է, որ ամերիկացիներին մեկ ամիս ժամանակ է տրվում, և ԱՄՆ նոր վարչակազմը հնարավորություն կունենա քայլեր կատարել պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ:
Նշենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդեն երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: