ԱՄՆ-ը անորոշ ժամանակով հետաձգել է ֆրանսիական ապրանքների համար տուրքերի ներդրումը
ԱՄՆ-ը անորոշ ժամանակով հետաձգել է ֆրանսիական գինու, կոսմետիկայի եւ այլ ապրանքների համար տուրքերի ներդրումը՝ ի պատասխան տեխնոլոգիական հսկաների համար ֆրանսիական հարկի, հայտնում է AP-ն:
ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ կասեցրել է Ֆրանսիայի համար տուրքերի կիրառումը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին այս շաբաթ, քանի որ ուսումնասիրում է աճող թվով այլ երկրների կողմից տեխնոլոգիաների վրա դրված հարկերը:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերն ասել է, որ իր կառավարությունը «ի գիտություն է ընդունել» ԱՄՆ-ի որոշումը եւ կոչ է արել հարկման գլոբալ համաձայնագիր կնքել ինտերնետային հսկաների հետ, ինչպիսիք են Google-ը եւ Amazon-ը։
ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ ֆրանսիական հարկն ուղղված է ամերիկյան ընկերությունների դեմ: Ֆրանսիան հայտարարում է, որ իր հարկերն ուղղված են հսկայական եկամուտներ ունեցող ցանկացած ընկերության դեմ եւ ուղղված են նրան, որ տեխնիկական հսկաները հարկեր վճարեն այն երկրներում, որտեղ նրանք զբաղվում են բիզնեսով, այլ ոչ թե հարկային ապաստարաններում: